Ես այս թեմայով ՀՀ նախագահի հետ չեմ խոսել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունները ՀՀ նախագահը չի ստորագրել եւ հայտնի չէ՝ կդիմի այդ հարցով ՍԴ, թե ոչ, որի համար ունի 21-օրյա ժամկետ:

«Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետեւել եմ քննարկումներին: Մի մասն ասում է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ կարծիքով իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահն ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է  փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու դեպքում եւ ՍԴ չդիմելու դեպքում՝ ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,-ընդգծեց ԱԺ նախագահը: