Օրինագծում առաջարկվող փոփոխություններն ուղղված են հանքային ռեսուրսների ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործմանը: Այս մասին հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

Այսուհետ առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել, եթե այս տարածքում հանքավայրի պաշարները չեն ուսումնասիրվել եւ հաստատվել: «Մետաղների համար՝ վերջին 5 տարվա ընթացքում, եւ այլ նյութերի համար՝  վերջին 10 տարվա ընթացքում»,- պարզաբանեց Շուշանյանը:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ հանքավայրերն  այսուհետ կտրամադրվեն ոչ թե  մասնակի, այլ բոլոր ռեսուրսների ամբողջական օգտագործման համար: «Այսուհետ հանքավայրերը չեն բաժանվի տարբեր ձեռնարկությունների միջեւ»,- շեշտեց փոխնախարարը: