Դիմակներ կրելու համար տուգանքների բարձրացման հարցը քննարկվում է, վերջնական հստակեցում, վերջնական վստահեցում այս պահին չկար, այս պահին հանվել է շրջանառությունից. Շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն եւ նախագիծը նորից շրջանառվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես ուզում եմ այս հարցի ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմին անդրադառնամ: Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն է, ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրությամբ է պայմանավորված, այլ զուտ որպեսզի այն քաղաքացիները, որոնք գիտակցության այն բարձր աստիճանը չունեն հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը, ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը այնուամենայնիվ կրեն»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք քի՞չ էր 10 հազար դրամ տուգանքը, որ իշխող ուժը մտադիր էր այն դարձնել 20 հազար բաց եւ 50 հազար փակ տարածքներում դիմակ չկրելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատ ու քիչը պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից՝ բավարա՞ր է արդյոք քաղաքացիների կողմից դիմակներ կրելու աստիճանը: Ես համոզված եմ, որ չեք ասի՝ այո: Հետեւաբար, պետք է ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ: Դուք նայում եք դրամական  միջոցի տեսանկյունից, որպես բյուջեի եկամուտ: Այդպես որ լինի, 10 հազարն էլ է շատ, հազարն էլ է շատ, կարող է ընդհանրապես պետք չի տուգանք: Բայց եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից գուցե 500 հազար դրամ է պետք, որպեսզի եթե մեկը մտածում է, որ հատկապես ավելի տարեցների շրջանում էսպիսի բան կա, որ սուտ բաներ են, ինձ չի կպնի, ահա այսպիսի մարդկան այսպիսի բանով սահմանափակենք»:

Դիտարկմանը, որ կան մարդիկ, որոնք տուգանվելուց հետո շարունակում են դիմակ չկրե, Արարտ Միրզոյանն ասաց. «Դե ուրեմն պետք է նոր կարգավորում մտցնել, որ երկրորդ անգամ նույն մարդը դիմակ չկրելու համար տուգանվելիս կրկնակի տուգանվեն կամ եռակի: Մենք այստեղ քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ վարակից մահանում են»: