Նախկինում այդպես էր, ՍԴ կազմի կեսը ձեւավորում էր ՀՀ նախագահը, կեսը՝ Ազգային ժողովը, եւ այդ տրամաբանությունն աշխատել է մինչեւ համապատասխան փոփոխությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահը կարծիք էր հայտնել, որ գուցե ճիշտ կլինի որ ՍԴ դատավորներից երեքին նշանակի կառավարությունը, 3-ին ՀՀ նախագահը, 3-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը:

Նշենք, որ այս պահին Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորների երեքական թեկնածուների առաջարկում է կառավարությունը, ՀՀ նախագահն ու  Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն ընտրում է  Ազգային ժողովը: ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ինքը 3 անգամ թեկնածու է ներկայացրել, որոնցից երկուսին ԱԺ-ն չի ընտրել:

«Ես հասկանում եմ, թե այդ մտավախությունը որտեղից է գալիս: 2015-ի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ձեւավորվեց, որ փաստացի մեկ քաղաքական ուժը, որը սահմանադրական մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, ձեւավորում է ամեն ինչ: Որովհետեւ անկախ նրանից, թե ով է ներկայացնում թեկնածուներին, մեկ քաղաքական ուժը ում ուզի կնշանակի: Եթե հիշում եք ՀՀ նախագահը երկու անգամ թեկնածու ներկայացրեց, բայց մեծամասնությունը մերժեց եւ հասկացնել տվեց, որ մերժելու է բոլորին, անգամ անթերի թեկնածուներին, եթե իր ցանկացած թեկնածուին չբերի: Սա մտահոգիչ է: Սա համակարգային խնդիր է, որովհետեւ ԱԺ աշխատանքային հարաբերությունները 2015-ի Սահմանադրությամբ են նախատեսված, որտեղ սահմանադրական մեծամասնության ինստիտուտ է ամրագրված: Այս պայմաններում ձեւական է դառնում ներկայացնող մարմնի ներկայացրած թեկնածուի պահանջը»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը հավելեց, որ ՀՀ նախագահն իր տեսակետը հայտնել է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների համատեքստում քննարկվեն նաեւ այդ լուծումները:

«Մենք հանձնաժողովում կարծես թե արդեն կոնսենսուսի հասել ենք գաղափարի շուրջ, որ ԱԺ-ից պետք է վերացնենք սահմանադրական մեծամասնության ինստիտուտը, որովհետեւ սա մեկ քաղաքական ուժի մենիշխանության դրսեւորւմ է, որը որեւէ խորհրդարանական երկրում ընդունված չէ»,- ընդգծեց պատգամավորը: