«Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայությունն իր Youtube-ի ալիքում տեղադրել է Բելգրադում Սերբայի խորհրդարանի շենքը գրոհելու փորձի տեսանյութը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Բելգրադում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով պարետային ժամ հայտարարելու դեմ գիշերային անկարգությունների հետեւանքով տուժել է առնվազն 43 ոստիկան եւ 17 ցուցարար:

«Ոստիկանությունը կարողացել է վերահսկողության տակ առնել անկարգությունները, որոնք շարունակվել են մի քանի ժամ։ Լուրջ վնասվածք է ստացել ոստիկանության 43  ծառայող: Վնասվածքներ կան նաեւ ցուցարարների շրջանում․ մեր տվյալներով՝ 17 ցուցարար է վիրավորվել: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, ինչն անընդունելի է։ Ոստիկանությունն այստեղ է Սերբիայի քաղաքացիների իրավունքներն ու կյանքը պաշտպանելու համար: Ձերբակալվել է 23 խուլիգան»,- հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը:

Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը խստորեն դատապարտել է գիշերային անկարգությունները Բելգրադում պառլամենտի շենքի առջեւ՝ վստահեցնելով քաղաքացիներին, որ պետությունը կպաշտպանի օրենքի գերակայությունը: «Ես խստագույնս դատապարտում եմ այն ​​քաղաքական գործիչների վանդալիզմը, ովքեր կանգնած են Սերբիայի խորհրդարան ներխուժելու հետեւում, այն պահին, երբ պետությունն ու առողջապահական համակարգը բախվում են կորոնավիրուսի ամենաուժեղ հարվածին համավարակի սկսվելուց ի վեր: Քանի որ նրանք չկարողացան հայտնվել խորհրդարանում ընտրություններից հետո, կրկին ցույց տվեցին իրենց դեմքը՝ քաղաքական միավորներ հավաքելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճգնաժամում: Պետությունը եւ դրա բոլոր ինստիտուտները կպաշտպանեն օրենքի գերակայությունը, ինչպես դա արվում է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում»,- հայտարարել է վարչապետը: