Այս պահին  շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է եւ  իրականացվում է գյուղմթերքի արտահանման եւ մթերման գործընթացները: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրի մասին:

«Արտահանումն իրականացվում է բավական սահուն՝ առանց լուրջ խնդիրների: Մեր բեռնատարներն անարգել անցնում են սահմանային անցակետերը եւ ժամանակին գյուղմթերքը  հասցնում են արտաքին շուկաներ: Այս պահի դրությամբ՝ համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ Հայաստանից արտահանվել է 13․000 տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21․000 տոննա լոլիկ, 800 տոննա ելակ:

Ընդհանուր առմամբ՝ 58․000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել 2020 թվականին, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 15 տոկոսով քիչ է»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ  15 տոկոսով պակաս արտահանման հիմնական մասը վերաբերում է խնձորին:

«Այս տարի արտահանվել է 5500 տոննա խնձոր, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 11․500 տոննա:

Այսինքն, 6000 տոննա քիչ խնձոր է արտահանվել այս տարի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Նշեմ նաեւ, որ այս տարի արտահանված խնձորը դա 2019թ. բերքն է, եւ 2019թ․՝ 2018թ. համեմատ, խնձորի առավել քիչ բերքատվություն է եղել, եւ հետեւաբար՝ դրանով է նաեւ պայմանավորված արտահանման սակավ թիվը: Նույն ժամանակահատվածները համեմատելով՝ արտահանման որոշակի անկում ունենք ծիրանի հետ կապված. արտահանման ծավալների տարբերությունը նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 3000 տոննա է կազմում:

Տարեսկզբին ծիրանի բավականին առատ բերք էր սպասվում, սակայն ապրիլ-մայիս ամիսներին եղանակային անբարենպաստ պայմանները, հիմնականում՝ ցրտահարություն, կարկուտ, պատճառ դարձան, որ ունենանք ծիրանի ավելի քիչ քանակ, քան նախատեսվում էր»,- ասաց Արման Խոջոյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ  ակտիվ կերպով ընթանում են մթերման գործընթացները:

«Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1200 տոննան բանջարեղենն է, իսկ 4300 տոննան՝ պտուղը: Մոտ 2400 տոննան վերաբերում է ծիրանին»,- ընդգծեց նախարարը:

Արման Խոջոյանը,  խոսելով ծրագրերի մասին նշեց, որ  համաձայն Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության՝ երկրորդ միջոցառման շրջանակներում տրամադրվել է 16․200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով:

«Միաժամանակ առաջին միջոցառման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ:

Մինչ օրս պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18․000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով: Համեմատական կարգով նշեմ, որ այս ցուցանիշը 3-ից ավելի անգամ գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»: