Հայաստանի ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ նշեց, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքն ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ:

ԼՀԿ-ի դիմումում նշվում է, որ ԼՀԿ-ի մանդատներից մեկն ստացել է Արման Բաբաջանյանը, ով 2019-ի սեպտեմբերի 10-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի արդյունքում ԼՀԿ խմբակցությունում մանդատների թիվը դարձել է 17:

«Լուսավոր Հայաստանի դիմումի մեջ նաեւ նշվում , որ Ընտրական օրենսգրքի կարգավորումներով մանդատների 2/3-ը բաժին է հասնում իշխող քաղաքական ուժին, իսկ եթե այլ խմբակցությունների հետ մեծամասնություն հանդիսացող ուժը կոալիցիա չի կազմում, ապա սա նշանակում է, որ մնացյալ խմբակցություններն այս փաստի ուժով համարվում են ընդդիմադիր խմբակցություններ: ԱԺ կանոնակարգ օրենքով ընդդիմադիր խմբակցությունը, այլ ոչ թե օրինակ, ընդդիմադիր պատգամավորը ունի կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ: Այսինքն որեւէ դեպքում խմբակցությունում չընդգրկված պատգամավորները չեն կարող համարվել խորհրդարանական ընդդիմություն: Այդ դերը վերապահված է բացառապես խմբակցություններին:

Մյուս կողմից մանդատների առնվազն 1/3-ը ընդդիմությանը վերապահելը միտված է հնարավորինս զսպելու կառավարող խմբակցությանը եւ գործադիր իշխանությանը: Մասնավորապես, որոշ լիազորություններ վերապահված են խորհրդարանի 1/3-ին, դրանց թվում են ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագծի ներկայացումը, պաշտպանության ոլորտում քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, նաեւ վարչապետի թեկնածու ներկայացնելը:

«Ընտրական օրենսդրության վերոհիշյալ դրույթների այլ մեկնաբանման պարագայում «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը ընտրական օրենսգրքով նախատեսված երաշխիքներն են խախտվում եւ առաջանում են սահմանադրի կամքին տրամագծորեն հակառակ իրավիճակ: Հարկ է նշել, որ եթե Արման Բաբաջանյանը վայր դներ մանդատը, այն փոխանցվելու էլ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի հաջորդ համարի թեկնածուին: Այսպիսով ԱԺ-ի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր կարող են լինել միայն խմբակցությունները»,-ասված է ԼՀԿ դիմումում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարց ուղղեց ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին, թե արդյոք ԿԸՀ-ն իրավունք ունի մանդատները բաշխելուց հետո նորից վերաբաշխել մանդատները: Խաժակյանը խոստովանեց, որ այդ հարցը գործող կարգավորումներով հստակեցված չէ. «Բայց կան որոշակի կարգավորումներ, որոնց համաձայն ԿԸՀ-ն խմբակցությունների ներսում որոշակի համամասնությունների պահպանման լիազորություն ունի, օրինակ, եթե սեռերի քվոտան խախտվում է խմբակցության ներսում, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վերականգնելու այդ քվոտան: Հիմա մենք խոսում ենք խմբակցությունների միջեւ քվոտայի խախտման մասին, որ վերաբերյալ կարգավարումներ չկան»:

Մուկուչյանը նկատեց, որ եթե ԼՀԿ դիմումը բավարարվի, ապա ԱԺ-ի 132 մանդատների թիվը դառնալու է 133: Խաժակյանի խոսքով, կարելի է գնալ նաեւ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու ճանապարհով գնալ:

ԿԸՀ նախագահբն ասաց, որ ԿԸՀ-ն իրավունք ունի լրացուցիչ մանդատ տրամադրել բացառապես թափուր մանդատի առկայության դեպքում. «Հիմա եթե չկա թափուր մանդատ, ԿԸՀ-ն ո՞ր մանդատը պետք է տա ձեզ»,-հարցրեց նա Խաժակյանին:

Մոկուչյանը եւս մեկ հարց ուղղեց. «Հայտնի՞ է ձեզ իրավական հիմք, որ այս իրավիճակում ԿԸՀ-ն ունի պարտավորություն կամ լիազորություն ինչ-որ ժամկետներում տրամադրելու մանդատ»: Խաժակյանն ասաց, որ քանի որ ուղիղ այդպիսի պարտավորությունը ամրագրված է օրենսդրությամբ ԿԸՀ-ի համար, ապա սա պետք է դդառնա նախադեպային գործընթաց»: Խաժակյանը ընդգծեց, որ ԿԸՀ-ն կարող է կայացնել որոշումը որը տառացիորեն չի բխում օրենքից, բայց տրամաբանության մեջ է:

Մոկուչյանը նաեւ այլ հարց տվեց, որ տեսականորեն չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո Արման Բաբաջանյանը որոշի վերադառնալ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. «Բա էդ ժամանակ ի՞նչ ենք անելու, եթե հիմա մանդատը տանք ուրիշին, հետո հե՞տ ենք վերցնելու»: