«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ իշխող ուժը կրճատում է  նախագահ  Արմեն Սարգսյանի լիազորությունները  եւ գործառույթները։

«Եթե նկատի ունեք վերջին փոփոխությունները, որը Ազգային ժողովն ընդունեց եւ ուղարկեց նախագահական, ապա նախագահի կողմից անընդունելի լինելու դեպքում նա չէր ստորագրի այդ փաստաթուղթը։ Հետեւաբար՝ լիազորությունները վերցնելու, զրկելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Մակունցը։

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահի հայտարարությանը, որ կարծում է՝ ինքը պետք է ոչ թե ՍԴ դատավորների թեկնածուներ առաջադրի, այլ նշանակի, Մակունցը ասաց․

«Նպատակը սահմանադրական մարմինների հավասարակշռումը եւ, հնարավորինս, նրանց անկախ գործունեությունը ապահովելը պետք է լինի, հետեւաբար, այդ հարցը, աշխատանքային խումբը երբ քննարկի եւ կհասկանա, թե որն է դրա նպատակահարմարությունը հիմնավորումներով, ապա կկայացնի նման որոշում։ Իսկ քննարկման համար ցանկացած գաղափար, բնականաբար, չի կարող նախնական՝ առաջարկի փուլում լինել մերժելի։ Նախ պետք է քննարկել ու հասկանալ՝ որն է այդ առաջարկի մեջ ընդունելին, որը՝ ոչ, եւ հետո հանգել եզրակացության»,- ասաց նա։