Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը հայտարարել են, որ Իսրայելը պետք է զերծ մնա պաղեստինյան տարածքների բռնակցումից՝ նախազգուշացնելով, որ դա կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:

«Մենք միակարծիք ենք, որ 1967-ին օկուպացված պաղեստինյան տարածքների ցանկացած բռնակցում հակասում է միջազգային օրենսդրությանը եւ կվտանգի խաղաղության գործընթացի հիմքերը»,- նշվում է Գերմանիայի արտգործնախարարության կողմից վիդեոկոնֆերանսից հետո չորս արտգործնախարարների կողմից տարածված հայտարարության մեջ:

«Մենք համաձայն ենք նաեւ, որ նման քայլը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար եւ լուրջ խոչընդոտ կդառնա համապարփակ և արդար խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»,- շարունակել են նախարարները՝ նախազգուշացնելով, որ դա կարող է հետեւանքներ ունենալ Իսրայելի հետ հարաբերությունների համար:

Արտաքին գործերի նախարարներն առաջարկել են իրենց օգնությունը տարածաշրջանում «կառուցողական նոր սկիզբ» գտնելու համար՝ հավելելով, որ իրենք չեն ճանաչի 1967 թվականի սահմանների որեւէ փոփոխություն, եթե այն չհամաձայնեցվի հակամարտության երկու կողմերի միջեւ։