Ոստիկանությունը պարտավոր է անձին ազատությունից զրկելիս տեղեկացնել, թե ինչի համար է նրան զրկում, ինչ ռեժիմով է զրկում. նա բերման ենթարկվա՞ծ է, վարչական ձերբակալմա՞ն է ենթարկվել, ձերբակալվել է քրեական դատավարությա՞ն իմաստով, սակայն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելիս ոստիկաններն այդ գործողությունները չեն կատարել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այդ գործողությունները չեն կատարվել եւ պարզաբանեցին սկզբից՝ օրինական պահանջը չկատարելու համար, հետո ճշգրտեցին՝ դիմակ չկրելու համար արձանագրություն էին կազմում եւ ինչ-ինչ պատճառներով ավարտին հասցնել չի ստացվել»,- ասաց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ քաղաքացիները պետք է իմանան, եթե նրանց վարչական ձերբակալման են ենթարկում, ապա այդ ձերբակալումը պետք է հնարավորինս արագ տեւի. «Սակայն մեկ 1 ժամ 20 րոպե սպասում ենք, թե երբ են մեզ փաստաթղթերը մոտեցնելու։ Եթե 30 հոգի բերման ենթարկված լինեին, հասկանալի է, թե ինչու պետք է մարդը սպասի 1 ժամից ավելի, այս պարագայում մեզ համար հասկանալի չէր»։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին՝ դիմակը ոչ պատշաճ կրելու համար։ Նա քիչ առաջ ազատ արձակվեց։

Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել