Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Երեւանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց եւ Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Երթեւեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթեւեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երեւանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 եւ 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետեւանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։

2019 թվականի ցուցանիշներով՝ Երեւանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 86 եւ մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երեւանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետեւանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին /Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա եւ Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի/, ապա 2019 թվականին այս հատվածներում եղել է 227 պատահար։ Արդյունքում՝ զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել է 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետեւանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։

Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երեւանի տեղի ունեցած պատահարների հետեւանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում եւս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ:

Երեւանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, եւ այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր եւ 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքի ծանրության աստիճանը։

Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթեւեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, եւ բոլոր հոսքերը միեւնույն միջին արագությամբ կընթանան։

Ընդհանրապես, ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետեւ տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները եւ նվազեցվում։ Բնականաբար, նաեւ այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, եւ այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին։

Թեմայի շուրջ առավել մանրամասն՝ տեսանյութում։