Եվրոպան դուրս կգա ճգնաժամից ավելի ուժեղացած, քան երբեւէ, եթե մենք ամրապնդենք միասնությունն ու համերաշխությունը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ներկայացնելով Գերմանիայի առաջնահերթությունները՝ որպես Եվրամիությունում նախագահող երկիր, հաղորդում է AP-ը։

Մերկելը հայտարարել է, որ համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի խորությունը նշանակում է, որ անդամ երկրները պետք է կոմպրոմիսի հասնեն, որպեսզի պայմանավորվեն վերականգնման համատեղ ֆոնդի մասին նախքան օգոստոսին ամառային արձակուրդները։

Հյուսիսային պահպանողական երկրներին չի հաջողվել հասնել համաձայնության մեծ պարտքեր ունեցող ԵՄ հարավային երկրների հետ, որոնք առավելապես տուժել են համավարակի հետեւանքով, 750 միլիարդ եվրո բնուջեով ֆոնդի կառուցվածքի եւ ծավալի մասին։

«Տնտեսական անկման խորությունը ստիպում է մեզ շտապել»,-օրենսդիրներին ասել է Մերկելը։ «Մենք չպետք է ժամանակ կորցնենք․ դրա հետեւանքով տուժում են ամենաթույլերը։ Ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ այս ամառ։ Դա կպահանջի մեծ պատրաստակամություն բոլոր կողմերի հետ կոմպրոմիս հաստատելու։ «Մենք չպետք է պարզամտություն ցուցաբերենք․ բազմաթիվ անդամ պետություններում Եվրոպայի հակառակորդները պարզապես սպասում են, որ օգտագործեն ճգնաժամը սեփական նպատակներով»,-ասել է նա։ «Մենք պետք է ցույց տանք նրանց բոլորին, թե ինչում է կայանում ԵՄ-ում համագործակցության հավելյալ արժեքը»։

Նրա խոսքով՝ ներկայում մենք տեսնում ենք, որ համավարակի դեմ չի կարելի պայքարել ստի եւ ապատեղեկատվության միջոցով, այնպես ինչպես ատելությամբ եւ քարոզչությամբ։ «Փաստերը բացառող պոպուլիզմին ցույց է տրվում, որ կան սահմաններ»,-հավելել է նա։ «Ժողովրդավարության ժամանակ պետք է փաստեր եւ թափանցիկություն։ Դրանով է տարբերվում Եվրոպան, եւ Գերմանիան կպաշտպանի դա իր նախագահության ամբողջ ընթացքում»։