Օգտատերերի միլիարդավոր գողացված անուններ եւ գաղտնաբառեր, ներառյալ բանկային հաշիվների հասանելիությունը, հանվել են վաճառքի «սեւ ցանցում»։

Digital Shadows ընկերությունը, որը զբաղվում է կիբերանվտանգության հարցերով, հայտարարել է, որ հայտնաբերել է ավելի քան 15 միլիարդ օգտահաշիվ առցանց հարթակներում, որոնք օգտագործվում են հանցագործների կողմից։

Տվյալների միջին արժեքն է շուրջ 12 ֆունտ ստերլինգ, ընդ որում՝ բանկային հաշիվների եւ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը վաճառվում է միջինում 56 ֆունտ ստերլինգով։

Հանցավոր ֆորումներից մեկում գովազդվել է հինգ միլիարդ օգտահաշիվ։ Ըստ հետազոտության՝ բանկային եւ ֆինանսական հաշիվները կազմել են գովազդված օգտահաշիվների շուրջ մեկ չորրորդ մասը։

Ընկերությունը հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր գողացված օգտահաշիվների թիվն ավելացել է չորս անգամ։

Կոչ է արվել հանրությանն ու ձեռնարկություններին հետեւել կիբերանվտանգության հիմնական սկզբունքներին, ինչպիսիք են տարբեր օգտահաշիվների համար տարբեր գաղտնաբառերի օգտագործումը, եւ անվտանգության լրացուցիչ մակարդակների ակտիվացումը համակարգ մուտք գործելու համար, ինչպիսին է իսկության երկգործոն ստուգումը։

Հետազոտությունը նախազգուշացրել է, որ բազմաթիվ առցանց գործիքներ, որոնք կարելի է օգտագործել օգտահաշիվները թիրախավորելու համար, հասանելի են Ինտերնետում շուրջ 3,50 ֆունտ ստերլինգով եւ կարող են օգտագործվել առանց հատուկ տեխնիկական գիտելիքների։