Գյումրու Տուն-ինտերնատում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված տարեց շահառուների թիվը 56-ն է, հիվանդությունից այսօր մահացել է եւս 2 տարեց։  Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:

«Այսօր տարեց շահառուներից մեկը, որի մոտ մինչեւ երեկ դեռեւս չէր հաստատվել կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոց էր տեղափոխվել քրոնիկ հիվանդությունների պատճառով, սակայն այսօր մեզ տեղեկացրին, որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով»,-հայտնեց Նունե Գրիգորյանը։

Նշենք, որ երեկվա դրությամբ խնամքի կենտրոնում եղել է 55 վարակված տարեց եւ 12 աշխատակից: Բուժառուներից 37-ին եւ մեկ աշխատակցի տեղափոխել են հիվանդանոց:

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածներից երեքը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, 4-ը՝ Երեւանում, մյուսները՝ Սպիտակում: Նրանցից 24-ը կին է, 11-ը՝ տղամարդ:

Նունե Գրիգորյանի խոսքով՝ վիրուսով վարակվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Առաջին օրն ունեցել ենք 5 ծանր հիվանդ, որոնցից 3-ը՝ մահացել են: Նրանցից մեկը երկու օր առաջ, մյուսը՝ երեկ: Երեքն էլ 80 եւ բարձր տարիքի հիվանդներ էին. 1 տղամարդ եւ 2 կին: Նրանք ունեցել են ուղեկցվող ծանր հիվանդություններ»։

Գրիգորյանը ասաց, որ այս պահին 18 շահառու մեկուսացված են խնամքի տանը:

Նա նշեց, որ Տուն-ինտերնատում մեկուսարան է առանձնացված. «Այն աշխատողները, որոնք վարակված են, բայց անսիմպտոմ են, իրենք մեկուսացված են տներում»։

Նունե Գրիգորյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված անձինք հիմնականում 65-ից բարձր տարիքային սահմանում են գտնվում:

Խոսելով վիրուսի տարածման հավանական վարկածների մասին՝ Նունե Գրիգորյանը նշեց, որ մայիսի 21-ից կենտրոնը եղել է կարանտինային ռեժիմում եւ աշխատակիցները երկու շաբաթ հերթափոխով մնացել են կենտրոնում. «Հաջորդ հերթափոխի աշխատակիցները պարտադիր թեստավորվել են աշխատանքի անցնելուց առաջ, բայց, հավանաբար, ինկուբացիոն շրջան է եղել, որը չի արտահայտվել թեստավորվելու ժամանակ»։