2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների եւ հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ եւ ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության եւ հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաեւ ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին եւ, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին: