ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել նոր գագաթնաժողով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ չնայած Փհենյանը չի ցուցադրում հետաքրքրվածություն դադարեցված միջուկային բանակցությունները վերականգնելու հարցում, հաղորդում է  «Գոլոս Ամերիկի»-ն։

«Ես հասկանում եմ, որ նրանք ցանկանում են հանդիպել, եւ մենք, անշուշտ, պատրաստ ենք դրան,-ասել է Թրամփը։-Ես կարող էի անել դա, եթե համարեի, որ դա օգտակար կլինի»։

Երբ Վան Սասթեթրնը, համագործակցելով նաեւ «Գոլոս Ամերիկի»-ի հետ, հարցրել է Թրամփին՝ համարում է արդյոք նա, որ այդ հանդիպումն օգտակար կլինի, նախագահը պատասխանել է․ «Հնարավոր է։ Մեզ մոտ լավ հարաբերություններ են ձեւավորվել, այնպես որ, ամենայն հավանականությամբ՝ այո»։

Վերջին շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան երկու անգամ հայտարարել էր, որ հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցություններով՝ ընդգծելով, որ հերթական գագաթնաժողովն օգուտ կտար միայն Թրամփի ներքաղաքական օրակարգին։