Իտալիայի հարսանեկան ասոցիացիան կազմակերպել է արտասովոր ֆլեշմոբ 15 հարսնացուի մասնակցությամբ, որոնք անցկացրել են ակցիա ընդդեմ հարսանիքների նկատմամբ սահմանափակումների, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Euronews-ը։

AIRB հարսանեկան ասոցիացիայի տվյալներով՝ հարսանեկան արարողությունների ոլորտում աշխատող ընկերությունների կոմերցիոն վնասը կազմում է իրենց բիզնեսի ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։ «Մեզ մոտ միլիոնավոր աշխատակիցներ կան, մենք ունենք ավելի քան 30 հազար ընկերություններ, կա արտահանման սեկտոր, որն ամբողջավին դադարել է գործել»,-հայտարարել է AIRB  քարտուղար Մարիո Կանդիտոնեն։

Իտալիայում զույգերի մեծամասնությունը որոշել է հետաձգել հարսանիքը, քանի որ սոցիալական հեռավորությունն ու սահմանափակումներն արգելում են հավաքների ու հանդիսավոր արարողությունների անցկացումը։

Իտալիայում հարսանիքները, որպես կանոն, մեծ ընտանիքով հավաքվելու առիթ են, այդ պատճառով դրանց մասնակցում են սովորաբար հարյուրավոր հյուրեր, որոնք ժամանում են երկրի տարբեր անկյուններից։