Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: