ՀՀ կառավարությունն իր այսլրվա՝ հուլիսի 9-ի նիստում բավարարեց «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Նշենք, որ «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արեւային կայանի կառուցում) (Արմավիրի մարզ)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արեւային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական եւ 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։