Տոկիոյում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հինգշաբթի հայտնել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս աճը ռեկորդային է դարձել Ճապոնիայի մայրաքաղաքի համար կորոնավիրուսի տարածման պահից ի վեր: Մայրաքաղաքային վարչակազմի պաշտոնական վիճակագրությունը կհրապարակվի ավելի ուշ:

Հատկանշական է, որ չորեքշաբթի օրը՝ անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ, նոր դեպքերի աճը 100 դեպքից քիչ էր կազմել: Տոկիոյում վարակման նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 20-ից 40 տարեկան մարդկանց, որոնք ակտիվ գիշերային կյանք են վարում։

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, այդ թվում՝  Diamond Princess-ի նավի անձնակազմը եւ ուղեւորները, գերազանցել է 21 հազարը, մահվան դեպքերի թիվը 995 է: Երկրում առողջացել է ընդհանուր 18 հազար մարդ: 36 հիվանդ շարունակում է մնալ ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: