Թուրքիայի Պետական ​​խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին: Այս մասին Twitter-ի իր էջին հայտնել է լրագրող Ռահիփ Սոյլուն՝ վկայակոչելով իր գործընկերների աղբյուրները երկրի կառավարությունում, փոխանցում է «Լենտա»-ն։

Ակնկալվում է, որ այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 10-ին: Լրագրողի խոսքով՝ երկրի ընդդիմությունը չի պատրաստվում դեմ հանդես գալ այս քայլին, որը չեղարկում է 1934 թվականի կառավարության որոշումը:

Ավելի վաղ Պետդումայի պատգամավորները հրապարակել էին այս հարցով Թուրքիայի Մեծ Ազգային ժողովին ուղղված դիմումի նախագիծը: Պատգամավորների խոսքով՝ տաճարի կարգավիճակի փոփոխության հարցը զգայուն է Ռուսաստանի քաղաքացիների համար: Նրանք կոչ են արել կանխել այն վնասը, որը կարող է հասցվել «համաշխարհային մասշտաբի թանգարանի կարգավիճակի հապճեպ փոփոխությամբ»:

Հունիսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել Սուրբ Սոֆիան պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար: Հուլիսի 2-ին Թուրքիայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել նախագահական հրամանագրով:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում Հուստինիանոս կայսեր հրամանով: Երբ թուրքերը գրավեցին Կոստանդնապոլիսը, այն մզկիթի վերածվեց սակայն 1935-ին նախագահ Աթաթուրքը տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհեց։