Շատ քննարկվեց, թե ինչպես է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում: Անգամ արդեն կան երկրներ, որոնք իրականացրել են գնում: Սա մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ:  Հիմա մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարն իր հերթին ասաց. «Իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ, ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով արդեն արտադրել ենԽոսքն այստեղ հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու: Ամենայն հավանականությամբ, հաստատումը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»: