Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը պատմական սխալ է անվանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է դադարեցնենք Թուրքիայի հետ բանակցությունները եւ նոր լեգալ հիմք մշակենք այդ երկրի հետ հարաբերությունների համար: Թուրքիան հեռվանում է ԵՄ արժեքներից: Արեւելյան Միջերկրածովում իրավիճակը սրվում է, Թուրքիան անօրինական հորատիչ գործունեություն է ծավալում Կիպրոսի ափերի մոտ»,-ասել է նա՝ դիմելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

Իր հերթին, Բորելը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերություններում բացասական միջումը: Նա նշել է, որ Թուրքիան բազմաթիվ համատեղ շահեր ունի ԵՄ-ի հետ:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005 թվականին:

Այդ 15 տարիների ընթացքում ԵՄ-ին անդամակցելու որեւէ իրական հեռանկար չի եղել: Հակառակը, բանակցություններն էլ ավելի են բարդացել՝ սրելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունները: