Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես կարող է մինչեւ 36 000 աշխատակցի հեռացնել, հայտնում է BBC News-ը:

Խոսքը Միացյալ Նահանգների տարածքում առաջնային դիրք զբաղեցնող ավիաընկերության աշխատուժի գրեթե կեսի մասին է:

«Այս ճգնաժամի ընթացքում մենք անկեղծ եւ պարզ էինք ձեզ հետ՝ խոսելով ուղեւորությունների պահանջարկը բավարարելու նպատակով մեր աշխատուժի ճիշտ չափն ընտրելու անհրաժեշտության մասին», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ավիափոխադրողի հայտարարության համաձայն՝ ընկերությունն արտադրողականության 75 տոկոս անկում է ակնկալում՝ անցած տարվա հուլիս ամսվա տվյալների համեմատ։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նախազգուշացնող նամակ ստացած բոլոր աշխատակիցները միանշանակ կազատվեն ժամանակավորապես, իսկ մնացած աշխատողների վերջնական թիվը կախված կլինի առեւտրային պայմանների վիճակից:

ԱՄՆ կառավարությունն 50 միլիարդ դոլարի աջակցություն է առաջարկել ավիաընկերությանը, ընկերությունը, իր հերթին, համաձայնել է չհեռացնել աշխատողներին եւ չկրճատել աշխատավարձերը մինչեւ սեպտեմբերի 30-ը: