Ռեստորոնային բիզնեսի՝ բողոքող աշխատողները կառավարությունից ակնկալում են հստակություն մտցնել արտակարգ դրության ժամկետների հետ կապված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցային  մասնակցող՝ հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը։

«Կառավարությունը պիտի համակարգված պատասխան տա։ Մենք ուզում ենք լսել կոնկրետ՝ երբ է վերանալու արտակարգ դրությունը, որովհետեւ տնտեսական ճգնաժամն արդեն հասել  է մեր բոլորիս ոլորտներին։ Բիզնեսը խորտակվում է։ Կազմակերպման ոլորտի մարդկանց բիզնեսը զրոյացած է, ռեստորոնային ոլորտում նույնպես անմխիթար վիճակ է, բոլորը ֆինանսական կորուստներ են կրում եւ մեր միակ պահանջը՝ մտցնել հստակություն ժամկետների հետ կապված։ Ակնկալում ենք տնտեսական բլոկի գործողությունների տրամադրում հանրությանը։ Պետք է հասկանանք՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե չէ»,- ասաց նա՝ նշելով, որ ակնկալում են, որ կառավարությունում իրենց բողոքը կլսեն։

Նշենք, որ կառավարության առջեւ ակցիա են անցկացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը, աշխատակիցներ, երգիչ, երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։ Նրանց մի մասին ոստիկանները բերման են ենթարկել։