Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն սկսել է շների օգտագործել մարդկանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ նախարարությունը հաջողությամբ մի շարք դաշտային փորձարկումներ է անցկացրել, որոնց ընթացքում ոստիկանական շները ճշգրիտ կերպով կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերել: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ի դեպքերի հայտնաբերումը (շների կողմից) տեղի են ունենում 92 տոկոս ճշգրտությամբ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Թեստերն անցկացվել են երկու շաբաթ մի քանի հիվանդանոցներում: Ըստ հեռուստաալիքի՝ վերապատրաստված շները կկարողանան նույնականացնել վարակվածներին փողոցներում պարեկելիս, ինչպես նաեւ՝ մարդաշատ վայրերում, ինչպիսիք են կայարաններն եւ օդանավակայանները:

Վերջին տվյալների համաձայն՝ համավարակի սկսվելուց ի վեր ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 53 հազար դեպք: Առողջացել է ավելի քան 42.2 հազար հիվանդ, 327 մարդ մահացել է։