Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմեռնի սովից, քան հիվանդությունից: Կազմակերպության գնահատականներով՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Կոնգոն, Աֆղանստանը եւ այլն, սովն ամեն օր սպառնում է 12 000 մարդու, հայտնում է BBC-ն:

Զինված հակամարտությունները եւ այդ երկրների թույլ տնտեսությունները արդեն իսկ հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել, այժմ բնակչության համար հավելյալ սպառնալիք է դարձել մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունը, իսկ որոշ տեղերում, խափանված միջազգային հաղորդակցությունների պատճառով, անհնարինությունը։

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում Covid-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է մոտ 550 000 մարդ: Երկու ցուցանիշներով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար ավելի քան 3 միլիոն եւ 132 000 մարդ: Երկու կատեգորիաներում երկրորդ տեղում է Բրազիլիան: Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենաշատ տուժած երկիրն է՝ 288 500 վարակված (աշխարհում 7-րդ տեղ) եւ 44 600 մահացած (աշխարհում 3-րդ տեղ):