Գերմանիան անցած տարում գրանցել է աջ ծայրահեղականների թվի զգալի աճ, այն բանից հետո, երբ անվտանգության մարմինները ցուցակում ընդգրկել են երկրի գլխավոր ծայրահեղ աջ կուսակցության հազարավոր անդամների, հայտնում է AP-ը:

Գերմանիայում ծայրահեղականության մասին տարեկան զեկույցի համաձայն, երկրում աջ ծայրահեղականների թիվը կազմում է 32 080, գրեթե 8000-ով ավելի՝ համեմատած 2018-ին գրանցված 24 100-ի հետ:

Զեկույցը, որը հրապարակել է ներքին հետախուզական BfV գործակալությունը, առաջին անգամ ցուցակում ընդգրկել է «Այլընտրանքային Գերմանիա» կուսակցության երիտասարդական թեւի եւ «Թեւ» անունով հայտնի արմատական խմբակցության մոտ 7000 անդամների:

Գերմանիայի իշխանությունները խոստացել են ուժեղացնել աջ ծայրահեղականության դեմ միջոցները՝ նեոնացիստների կողմից տարածաշրջանային քաղաքական գործչի սպանությունից, Գալում սինագոգի վրա կատարված հարձակումից եւ անցած տարվա ընթացքում Հանաուում ինը մարդու գնդակահարումից հետո:

«(Աջ ծայրահեղականությունը) մեր երկրում անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրն է»,- Բեռլինում զեկույցի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեխոֆերը:

Ըստ զեկույցի, անցած տարի ձախ ծայրահեղականների թիվը աճել է 1500-ով եւ կազմել է 33 500: Նրանցից ավելի քան երկու երրորդը դասակարգվում է որպես «դեպի բռնությունը չկողմնորոշված»։

Զեկույցում հաշվվում է նաեւ Գերմանիայում իսլամական ծայրահեղականության միտում ունեցող մոտ 28 020 մարդ՝ 2018թ․ 26 560-ի համեմատ: