Իրանն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լաբորատոր փորձարկումները, մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Ջալիլ Քոուփայ-Զադեն, փոխանցում է Mehr-ը:
Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջազգային հետազոտություններ են ընթանում՝ Ջալիլ Քոուփայ-Զադեն ասել է, որ ավելի քան 10 խումբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության հետազոտություններ է իրականացնում Իրանում։

Պատվաստանյութերի բաղադրությունն ու տեսակները տարբեր են, հավելել է նա՝ հայտարարելով, որ որոշ պատվաստանյութեր կօգտագործվեն թույլ վիրուսների համար, մյուսները՝ վերարարտադրվող վիրուսային միացությունների համար, իսկ որոշները կստացվեն նոր մեթոդների օգնությամբ։
Ըստ նրա՝ Իրանը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նմուշներ ստանալ, որոնք միջազգային մակարդակով կարող են օգտագործվել մինչեւ աշուն կամ ձմռան սկիզբ:

Իրանի բժշկական գիտությունների համալսարանի երկու հետազոտական ​​խումբ աշխատում է պատվաստանյութերի արտադրության վրա: Դրանք արդեն ավարտել են լաբորատորիայի նախնական փուլը, իսկ առաջիկա 2 ամսում կանցկացվեն փորձարկումները մարդու վրա: Եթե ​​այդ քայլերը հաջող լինեն, ապա պատվաստանյութը կմտնի մասսայական արտադրության մեջ, հավելել է նա։

Ավելի վաղ, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին հայտարարել էր, որ Իրանը հաջող քայլեր է ձեռնարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով, որ այս պատվաստանյութի՝ կենդանիների վրա փորձարկումները հաջող են անցել։