Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տարածել է հատուկ հայտարարություն՝  Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխման մասին։ Թուրքիայի պետական խորհուրդը մտադիր է այժմ թանգարան հանդիսացող տաճարը վերածել  մզկիթի, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսիում հետեւում են գրեթե 1000 տարի առաջ կառուցված եւ նշանավոր քրիստոնեական եկեղեցի հանդիսացող Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մարդկությունը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, շատ կարեւոր է քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ լավ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Մենք կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան մնա չեզոք տարածք, դա կլինի իմաստուն որոշում »:

Միաժամանակ, վրաց ուղղափառ եկեղեցում հավաստիացնում են, որ «հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը»: Պատրիարքարանը հույս ունի, որ «բարեկամական պետությանը» ուղղված այդպիսի կոչը կընկալվի ոչ թե որպես միջամտություն նրա ներքին գործերին, այլ որպես ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկի դիրքորոշում եւ հոգու ցավի արտահայտություն։

«Հուսով ենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական, բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն խորանալ, ինչը օգուտ կբերի երկու երկրներին», - նշել է պատրիարքարանը: