ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման «մեծ հույսեր» ունի, չնայած այն բանին, որ Փհենյանը հայտարարել է, թե մտադիր չէ վերադառնալ բանակցություններին, հայտնում է Reuters-ը:

«Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք շարունակել այս խոսակցությունը, նույնիսկ եթե ոչ գագաթաժողովի մակարդակով, կամ, հնարավորության դեպքում, տեղում գործունեության միջոցով, որը թույլ կտա երկու առաջնորդների հանդիպում անցկացնել»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք եւս մեկ գագաթաժողով՝ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջին անգամ հանդիպել են 2018թ․՝ Սինգապուրում: Սակայն 2019-ին նրանց երկրորդ հանդիպումը Վիետնամում եւ դրան հաջորդած աշխատանքային մակարդակով բանակցությունները ձախողվել են:

Ավելի վաղ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ եւս մեկ հանդիպման: Սակայն Հյուսիսային Կորեան ակնհայտորեն հիասթափված է, որ իր դեմ պատժամիջոցները մեղմացնելու նշաններ չկան, եւ վերջին շաբաթներին հայտարարել է, թե մտադիր չէ կրկին հանդիպել Միացյալ Նահանգների հետ: