Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է 20 կորոնավարակակիր։ Նրանցից ամենաերիտասարդը 52-ամյա կին է։ Առավոտվա դրությամբ վարակվելու 526 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 30346 է: Վերջին տվյալով՝ ապաքինվել է 18000 մարդ:  Վիրուսից մահացածների թիվն ավելացել է 14-ով ու հասել 535-ի։

COVID-19-ով վարակված եւս 6 մարդու մահվան պատճառ նշվում է այլ  հիվանդությունը: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեկ ամիս տանը մնացած հիվանդներ կային, որոնք, համեմատաբար թեթեւ դեպքեր էին, բայց ստիպված էին ինչ-որ ժամանակ տանը սպասել հոսպիտալացման, հիմա այդ իմաստով փոփոխություն կա։ Այն ներկայացրել է առողջապահության նախարարը:

Վարչապետը դարձյալ անդրադարձել է տուգանքների թեմային, զարգացնելով այն՝ նշել, որ դիմակներ չկրելու համար տուգանքը բխում է հակահամաճարակային կանոններից, ապա փոքր-ինչ ձեւափոխված հնչեցրել իր թեւավոր խոսքը։

Պատվաստանյութի մասին Արսեն Թորոսյանն ասել է, թե այն կա, կան նույնիսկ բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ըստ նրա՝ խնդիրը դրանից հետո արագ բաշխումն է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելը:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է բավարարել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը։ Դատավորին աջակցելու նպատակով ԲԴԽ նիստին ներկա էին նաեւ մի շարք փաստաբաններ, որոնք ԲԴԽ-ի որոշման հրապարակումը ծափերով են ընդունել։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը դատական նիստի ընթացքում դատավորի խոսքն էր քննիչին։   «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը», ասել էր Ազարյանը։

Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր, ԲԴԽ-ի որոշումից հետո լրագրողներին ասել է Ալեքսանդր Ազարյանը։

Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ է արել ծառայության եւ նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսեւորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն եւ զսպվածություն։ «Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության եւ անձնական վիրավորանքի դաշտ տանող  կրկնվող դրսեւորումներ», գրել են ՀՔԾ հայտարարության հեղինակները, հիշեցնելով, որ հունիսի 18-ին էլ դատավորն ասել էր, թե  «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ Ծառայությունը հույս ունի, որ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պատշաճ գնահատական կտա Ազարյանի հայտարարություններին, քանի որ դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորների խնդրանքը մերժել, եւ միջանկյալ միջոց չկիրառել։ Հայցվորները ՄԻԵԴ-ից խնդրել էին մինչեւ իրենց բուն գանգատի քննությունը Հայաստանի կառավարությունից պահանջել սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Հրայր Թովմասյանն ազատվում է Սահմանադրական Դատարանի նախագահի, իսկ մյուս երեք դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը դադարեցնում պաշտոնավարումը։

ՄԻԵԴ-ը հիմնավորման մեջ նշել է, որ պահանջը դուրս է միջանկյալ միջոցի կիրառման շրջանակից, քանի որ այն եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում եւ նման միջոց կիրառվում է միայն բացառիկ հիմքերով։

Հայաստանում շատերին թվացել էր, թե Եվրադատարանն ընդհանրապես մերժել է հայցը, ինչից երեկոյան տեղեկատվական պատերազմ ծագեց իմքայլկանանների եւ նրանց ընդդիմախոսների միջեւ։ Սակայն, չնայած իմքայլական պատգամավորների պնդումներին, միջազգային ատյանը դեռեւս կքննի հայցվորների դիմումը, որով նրանք պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել։

Ռեստորոնային բիզնեսի աշխատողները դարձյալ կառավարության շենքի առջեւ բողոքել են՝ գործադիրից ակնկալելով հստակություն մտցնել արտակարգ դրության ժամկետներում։ Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը նշել է, թե  ցանկանում են հասկանալ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե ոչ։

Ռեստորանների սեփականատերերի հետ եկել էին նաեւ նրանց աշխատակիցները, երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։

Հայտնի դերասան Բեն Ավետիսյանն ասել է, թե 5 ամիս մարդիկ չեն աշխատում եւ այդ մարդկանց տարբերակ չեն առաջարկում։ Այս խոսքերից վայրկյաններ անց ոստիկանները զգուշացրել են, որ հավաքներն արգելված են․․․

Մի քիչ անց էլ ոստիկանները սկսեցին հորդորել հեռանալ կառավարության շենքի մոտից։ Ապա սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման  ենթարկում երիտասարդ աղջկա։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը գոռում եւ խնդրում իրեն բաց թողնել։ Այնուամենայնիվ, աղջիկը բերման է ենթարկվում։

Ոստիկանությունն իր տեսանյութն է հրապարակել ու պարզաբանել, որ իրավապահները երիտասարդ աղջկան բերման են ենթարկել՝ ոստիկանների պահանջը չկատարելու, անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար։

Ֆինանսների նախարարության Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել։  Նշենք, որ «Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունն է։

Իսկ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։ Դատարանի որոշմանը պաշտպանները ներկա չեն եղել։ Նրանցից Էմին Խաչատրյանն ասել է, թե որոշմանը դեռ ծանոթ չեն և չեն կարող ասել, թե ինչ հիմքերով է դատարանն այդպիսի որոշում կայացրել։

Աշոտ Փաշինյանն այսօր զորացրվել է։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է նրա հայրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին», գրել է վարչապետը պարզաբանելով, որ զորամասում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով։

Վարչապետի տիկին  Աննա Հակոբյանն էլ լուսանկարներ է հրապարակել, որ կառավարական իրենց առանձնատան մուտքի մոտ քաղցրեղենի սեղան են գցել, զարդարել փուչիկներով: Տան մուտքի մոտ գրված է՝ Բարի գալուստ, զինվոր:

«Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել զորացրված որդու մասնակցությամբ, այն վերնագրելով՝ Միասին։

Չնայած քրիստոնյա աշխարհի, հատկապես ուղղափառ թեւի, ամբողջ Արեւմուտքի բուռն դիմակայությանը՝ Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին: Ավելի վաղ Ռուսաստանի Պետդուման այդ բանը չանելու կոչով դիմել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովին: Հրահանգը հունիսի 5-ին տվել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում Հուստինիանոս կայսեր հրամանով: Թուրքերն առաջին անգամ այն մզկիթի էին վերածել 1453 թվականին՝ Կոստանդնապոլսի գրավումից հետո, սակայն 1935-ին առաջին նախագահ Աթաթուրքը տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհեց։ 10-րդ դարում Սուրբ Պետրոսից հետո աշխարհի խոշորագույն տաճարը վերակառուցել էր նշանավոր հայ ճարտարապետ Տրդատը։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»- «Պարմա» հանդիպման լավագույն խաղացող։ Մխիթարյանը կատարել է 5 առանցքային փոխանցում, 6 անգամ խլել է գնդակը։ Նա մեկ գոլ է խփել եւ մեկ գոլային փոխանցում կատարել, որոնց շնորհիվ իր թիմը հաղթել է 2։1 հաշվով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դամով ու կազմել 486.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.65 դրամով ու հասել 551.22 դրամի, բրիտանական ֆու փոխարժեքն աճել է 7.35 դրամով ու հասել 615.69 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.87 դրամ։

Հայաստանի տարածքի մեծ մասում, նաեւ Երեւանում հուլիսի 10-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +28 +30: