Ֆրանսիացի թոշակառուին Ինդոնեզիայում մահապատիժ է սպառնում՝ ավելի քան 300 երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու եւ նրանց ծեծի ենթարկելու մեղադրանքով, հայտնում է AFP-ն:

65-ամյա Ֆրանսուա Կամիլլե Աբելլոն հունիսին կալանավորվել է Ջակարտայի հյուրանոցներից մեկում, որտեղ ոստիկանությունը նրա սենյակում գտել է երկու անչափահաս աղջկա:

Աբելլոյին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, եթե նա մեղավոր ճանաչվի երեխաների պաշտպանության մասին ինդոնեզական օրենքներով, ներառյալ այն մեղադրանքերը, որ նա նկարահանել է ապօրինի հանդիպումները։

Ոստիկանությունը հայտնել է, որ Աբելլոյի նոթբուքում գտել են տեսանյութ, որտեղ նա սեքսով է զբաղվում 10-17 տարեկան երեխաների հետ: Ըստ ոստիկանության տվյալների՝ թոշակառուն վերջին հինգ տարվա ընթացքում զբոսաշրջային վիզայով մի քանի անգամ մտել է երկիր։

«Նա գայթակղել է երեխաներին` առաջարկելով նրանց մոդելի աշխատանք»,- լրագրողներին ասել է Ջակարտայի ոստիկանապետ Նանա Սուջանան:

«Նրանց, ովքեր համաձայնել են սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, վճարել է 250 000-ից մինչեւ մեկ միլիոն ռուփի (17-70 դոլար): Եվ ծեծել է նրանց, ովքեր մերժել են»,- հավելել է նա:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Աբելլոն տարիներ շարունակ ոտնձգություններ է կատարել ինդոնեզացի երեխաների հանդեպ, եւ զոհերը կարող են ավելի շատ լինել:

Մարդկանց առեւտրի դեմ պայքարի ECPAT International համաշխարհային ցանցի տվյալներով՝ ամեն տարի մինչեւ 70 000 երեխա Ինդոնեզիայում սեռական շահագործման զոհ է դառնում: