PayPal վճարային ծառայությունը հուլիսի 31-ից դադարեցնում է Ռուսաստանում փոխանցումները, հայտնում է «Մեդուզա»-ն։

«Մենք կսատարենք միայն միջազգային վճարումները՝ դուք կարող եք օգտագործել PayPal ծառայությունները սովորական եղանակով, սակայն միայն օտարերկրյա PayPal օգտագործողներին վճարումներ կատարելու եւ օտարերկրյա օգտագործողներից վճարումներ ստանալու համար»,- ասվում է օգտատերերի հետ PayPal-ի պայմանագրում փոփոխությունների մասին ծանուցման մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ PayPal-ն այդ որոշումը կայացրել է «Ազգային վճարային համակարգի մասին» ռուսական օրենքում փոփոխություններ կատարելուց հետո: Ըստ նրանց, 2020 թվականի հուլիսից «էլեկտրոնային դրամական միջոցների շրջանառության օպերատորները եւ նրանց կողմից ներգրավված կազմակերպությունները» չեն կարող տվյալներ փոխանցել Ռուսաստանից արտասահման կատարվող փոխանցումների վերաբերյալ: