59-ամյա բրիտանացին դտապարտվել է 10-ամսյա պայմանական ազատազրկման՝ Covid-19-ի բուժման կեղծ հավաքածուի վաճառքի համար, որով նրան հաջողվել է վաստակել 12 000 ֆունտ, հայտնում է AP-ը:

Արեւմտյան Սասեքսի Արեւելյան Մարդեն քաղաքից Ֆրենկ Լադլոուն բռնվել է այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի մաքսային ծառայությունը բռնագրավել է փաթեթ, որը պարունակել է քիմիական նյութերի խառնուրդից, ներառյալ ջրածնի պերօքսիդից պատրաստված 60 հավաքածու: Լադլոուն ձերբակալվել է չորս ժամ անց՝ փոստում, երբ փորձել է եւս 60 կեղծ հավաքածու ուղարկել Ֆրանսիա, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի այլ շրջաններ:

Նա իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի դեղամիջոցներ մատակարարելու, չարտոնագրված դեղամիջոցներ պահելու համար եւ դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման: Նա նաեւ դատապարտվել է 170 ժամվա հասարակական աշխատանքի:

Ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել է դեղամիջոցների 300 հավաքածու եւ դրանց արտադրության համար մոտ 20 լիտր քիմիական նյութեր: Հավաքածուները պարունակել են 6,5%-անոց ջրածնի պերօքսիդ, կալիումի տիոցիանատ, ասկորբինաթթու, անհայտ ֆերմենտ եւ C վիտամին:

Լադլոուն ինքը հավատում է իր բուժման արդյունավետությանը, եւ նախկինում այն օգտագործել է Աֆրիկայում ՄԻԱՎ-ով հիվանդների, ինչպես նաեւ Լայմի հիվանդության, մալարիայի եւ դենգեի տենդով տառապող մարդկանց բուժման համար։