Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: Այս մասին նշված է ՇՎՏՄ-ի Ֆեյսբուքի էջում։

«Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև Սուրմալու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը», նշված է հաղորդագրությունում:

ՇՎՏՄ-ից հայտնում են նաեւ, որ հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Ստուգվում է դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, «դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին» իրազեկման թերթիկների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների առկայությունը: