Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր եւս շարունակել են բողոքի ակցիաները՝ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերանշանակման դեմ։

NEWS.am-ի հետ զրույցում Եղեգնուտի բնակիչ Սարգիս Մկրտչյանն ասաց, որ իրենց բողոքի ակցիաները չեն դադարելու այնքան ժամանակ մինչեւ իրենց խնդիրը լուծում չստանա։

«Մոտ երեք տարվա ստուգումներում 180 միլիոնի կերած համայնքապետը ո՞նց կարող է նորից հետ վերադառնալ: Նա մեր երեխեքի փողերն է կերել, մենք ո՞նց թույլ տանք, որ նորից հետ գա»,- ասաց բնակիչը։

Նա պատմեց, որ այսօր մարզպետարանից հյուրեր են եղել, սակայն իրենք ավտոմեքենաներով համայնքապետարանը փակել են. «Եթե ուզում են՝ թող անեն այդ ընդունում-հանձնումը, սակայն եթե Ռազմիկ Մկրտչյանը չպետք է պաշտոնավարի համայնքապետի պաշտոնում, ապա թող ուրիշին ընտրեն, եթե նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն իր վրա վստահ է, ապա թող նոր ընտրություններ դնի ու եթե կհաղթի՝ իրեն կծափահարենք, կողջունենք, բայց բնակչությունը զզվում է իրենից։ Եթե մարզպետը շարունակի նախկին համայնքապետին նորից բերելու փորձեր անի, բոլորս կվերցնենք մեր ընտանիքներին ու կանցնենք սահմանը, կխնդրենք մեզ ապրելու տեղ տան: Մենք ամեն ինչի պատրաստ ենք»:

Հարցին՝ արդյոք Մարգարյանի պաշտոնավարման օրոք դրական ոչինչ չի՞ եղել համայնքում, նա պատասխանեց.

«Դրականը ո՞րն է, որ սաղիս տարել-լցրել է բերդերում, մարդկանց անուններով օգնություններ է դուրս գրել, բայց ոչ ոքի ոչինչ չի հասել։ Եթե մի մարդ կարողանում է զոհված ազատամարտիկի գերեզմանաքարի փողերը լափել, ուրեմն նա մեր համայնքում տեղ չունի: Ի՞նչ ասեմ, եթե այս ամենը դրական բաներ են համարվում՝ խնդիր չկա»։

Անդրադառնալով ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի համայնքում արված աշխատանքներին՝ բնակիչն ասաց. «Այս տարիների ընթացքում նախկին համայնքապետը գյուղը անընդհատ տարել է սրման, բայց Մկրտչյանի գալուց հետո գյուղում մեկ տարի, ութ ամիս է, ոչ կռիվ- դավի, ոչ մի վատ բանն չի լինում, այլ հակառակը՝ գյուղում միմյանց հետ խնդիրներ ունեցած մարդիկ հաշտվել են, արդեն գնում- գալիս են իրար տներ, ամեն ինչ հաշտ էր ու խաղաղ, թե ով ու ինչի համար նորից բզեցին՝ մենք էլ չհասկացանք»։

Բնակչի խոսքով՝ իրենց հետագա քայլերը կախված են մարզպետի որոշումից. «Եթե նորից նույնը լինի, բողոքի ակցիաները նորից կշարունակվեն, նահանջել չկա»։

NEWS.am-ի զրույցում Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ ինքը ոչինչ չի կարող անել բողոքի ակցիաները դադարեցնելու համար. «Սպասում ենք արձագանքի, այստեղ իմ պաշտոնի հարցը չէ, ես չեմ վիճարկում, ես հեռացել եմ պաշտոնից: Ժողովուրդն ինքնաբուխ հավաքվել ու չի ուզում, որ նախկինը հետ գա։ Ժողովուրդը դեռ դիմադրում է, եթե պետք է կոտրեն ժողովրդի դիմադրությունը, ապա ես էլ ասելու ոչինչ չունեմ»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ։

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել մարզպետարանը բողոքի ակցիաները դադարեցնելու համար՝ վերջինս պատասխանեց. «Բնակիչների պահանջի հասցեատերը ոչ մարզպետն է, ոչ էլ մարզպետարանն է, կա դատարանի որոշում, որը ենթակա է կատարման անմիջապես հրապարակումից հետո, այն վերաբերում է տվյալ համայնքին ու համայնքապետարանին, հետեւաբար մարզպետը չի կարող ոչինչ անել»:

Մարզպետի խոսքով՝ ինքն իր լիազորությունների սահմանում փորձել է ստեղծել բանակցային սեղան. «Արդեն 2 օր է ես հրավիրում եմ կողմերին, սակայն մերժում են: Դատարանը նախկին մարզպետի որոշումը ճանաչել է անվավեր: Մարզպետը լիազորված չէ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանի որոշումն անվավեր ճանաչելու»։

Մարզպետը նշեց, որ ամենաշատը մեկ տարի անց կլինեն ՏԻՄ ընտրություններ եւ համայնքի բնակիչները կորոշեն՝ ով լինի իրենց համայնքապետը. «Ես էլ սիրով կաշխատեմ իրենց հետ, այստեղ քաղաքական խնդիր չկա, հավատացնում եմ. ընդհամենը պետք է սպասել մեկ տարի»։