Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը հայտարարել է, որ չի կարծում, որ իր եղբայրն այս տարի կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է AP-ն:

Ընդ որում, նա չի բացառել դա: Հայտարարության մեջ Կիմ Յո Չոնը կոչ է արել Վաշինգտոնին խոշոր զիջումների գնալ՝ միջուկային դիվանագիտությանն աջակցելու համար:

«Դեռ կարող է պատահել անսպասելին՝ կախված երկու բարձրագույն առաջնորդների որոշումից»,- ասել է Կիմ Յո Չենը: Նա հավելել է, որ եթե բարձր մակարդակի բանակցությունների անհրաժեշտություն կա, ապա դա անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, իսկ Հյուսիսային Կորեայի համար դա «գործնական չէ եւ չի ծառայում մեր շահերին»:

Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամենամտերիմ վստահորդ է համարվում եւ վերջերս ճանաչվել էր նրա՝ միջկորեական հարցերով գլխավոր պաշտոնյա: Նա նաեւ իշխող Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալն է: