«Իրավունք» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ անցնում է ծեծի եւ առեւանգման քրգործով: Քաղաքացինª Գուրգեն Հովսեփյանը, հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծել եւ առեւանգել է քաղաքապետը:

Ըստ տարածված լուրերի` քաղաքապետը նաեւ առերեսվել է իր դեմ հաղորդում ներկայացրած անձի հետ եւ պնդել, որ առնչություն չունի տվյալ գործով, բայց հաղորդում ներկայացրած անձն էլ պնդել է իր ցուցմունքը:

Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից տեղեկատվություն ստանալ սույն քրգործի վերաբերյալ, մասնավորապես, թե ի՞նչ կարգավիճակ ունի վերը նշված գործով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: ՔԿ մամուլի պատասխանատու տիկին Եգանյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ գործով քննությունն ընթանում է, եւ որ այս պահին քաղաքապետը որեւէ կարգավիճակ չունի:

Նկատենք, որ Առուշանյանն ընտրվել է դեռ նախկին իշխանությունների օրոք, սակայն իշխանափոխությունից հետո, ըստ քաղաքում տարածված լուրերի, հասցրել է լավ հարաբերություններ ստեղծել ներկայիս իշխանավորների հետ:

Հիշեցնենք, որ երիտասարդ քաղաքապետը, մինչ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը, փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում` ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել: Բայց թե ինչու է դաջվածքներով հայտնի երիտասարդը կես ճանպարհին փոշմանել եւ որոշել դառնալ քաղաքապետ, դժվար է ասել: Իսկ ինքը զանգերին չի պատասխանում, որ բացատրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում