Անցյալ տարվա ապրիլին հրդեհի հետեւանքով տուժած Նոտր Դամի տաճարի սրաձողը կվերականգնվի գոթական բնօրինակի դիզայնով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է այս որոշման մասին՝ վերջ տալով ենթադրություններին, որ սրաձողը կվերակառուցվի ավելի ժամանակակից ոճով, հայտնում է BBC-ն:

Նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի վերականգնումն ավարտվի մինչեւ 2024 թվականը, երբ Փարիզում օլիմպիական խաղեր կանցկացվեն։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնի հիմնական մտահոգությունը «վերակառուցումը չհետաձգելն ու չբարդացնելն է, այլ՝ պարզել իրավիճակը»: Միջազգային մրցույթի հիման վրա ժամանակակից սրաձողի նախագծման գործընթացը կարող է անհարկի ձգձգումներ առաջացնել: «Նախագահը վստահում է մասնագետներին եւ հավանություն է տալիս նախագծի հիմնական առանձնահատկություններին, որը ներկայացվել է գլխավոր ճարտարապետի կողմից, ով նախատեսում է նույն տեսքով վերակառուցել սրաձողը»,- նշվում է հայտարարության մեջ:

Մայր տաճարի առաջին սրաձողը կառուցվել է 13-րդ դարում, բայց մեծ վնասների պատճառով այն ապամոնտաժեցին 18-րդ դարի վերջին: Դրա փոխարինողը, որը նախագծվել է ճարտարապետ Էժեն Վիոլյե-լեԴուկի կողմից, կառուցվել է 19-րդ դարի կեսերին: