Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հուշագրի ստորագրումը, հայտնում է Mehr-ը:

Իրանի զինված ուժերի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ երկկողմ հանդիպումների արդյունքների եւ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրման կապակցությամբ:

Ըստ նրա՝ հուշագիրը ցույց է տալիս Իրանի եւ Սիրիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների մակարդակը եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում երկար տարիների համատեղ համագործակցության արդյունք է հանդիսանում։

Բաղերին, իր հերթին, ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման շարունակման կարեւորությունը՝ հայտարարելով, որ դա բխում է երկու երկրների շահերից:

Ավելի վաղ Բաղերին եւ Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդուլա Այյուբը ռազմական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր էին ստորագրել: Բաղերը նշել է, որ Իրանը կամրապնդի սիրիական ՀՕՊ համակարգերը: «Համաձայնագիրն ընդլայնում է մեր փոխադարձ համագործակցությունը՝ ԱՄՆ ճնշումներին դիմակայելու համար»,- եզրափակել է նա: