Վերջին տարիներին կիբեռհանցագործությունների թվի աճ է գրանցվել: Այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե անցած տարի վարչության վարույթում գտնվել է կիբեռհանցագործության մասին 118 գործ, որից 64-ը՝ համակարգչային խարդախության մասին, ապա այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է արդեն 94 դեպք:

Նա նշեց, որ նման հանցագործությունները վերաբերում են լատենտային դեպքերին: Նրա խոսքով՝ հարցը այն չէ, որ նախկինում դրանց թիվը քիչ է եղել, պարզապես սկսել են հաճախ դիմել:

Պատասխանելով առավել հաճախ հանդիպող խարդախությունների մասին հարցին՝ Գրիգորյանը պարզաբանեց, որ Հայաստանում նկատվում է անձնագրային, բանկային տվյալների կամ ծառայությունների վճարման խարդախություններ: Գրիգորյանի խոսքով՝ դեռ հստակ տվյալներ չկան, սակայն պանդեմիայի շրջանում նման հանցագործությունները շատացել են: Դա բացատրվում է ֆիզիկական գործարքների կրճատմամբ եւ վիրտուալների մեծացմամբ:

Որպես կանոն՝ խարդախների զոհ են դառնում մարդիկ, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Սասուն Գրիգորյանը կոչ արեց գործարք կնքել միայն ստուգված կառույցների հետ, չվստահել անծանոթներին, չփոխանցել անձնական տվյալներ՝ հասցեներ, մեյլեր, անձնագրային եւ բանկային տվյալներ, փոխել գաղտնաբառերը, հեռախոսները եւ համակարգիչները վերանորոգման տալ ստուգված սրահներում: