Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը կառավարություններին կոչ է արել փոխել ընկերություններին սատարելու ձեւը, որոնք դժվարությունների են բախվել  կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում՝ կենտրոնանալով բաժնետոմսային կապիտալում ներդրումների վրա, այլ ոչ թե՝ վարկերի, փոխանցում է Reuters-ը:

Ըստ նրա, հաշվի առնելով ցնցումների ծավալը, ավելի ու ավելի շատ ընկերություններ կարող են անվճարունակ դառնալ, քանի որ դեռ երկար ամիսներ նրանց մոտ եկամուտների անկում է գրանցվելու:

Նա նշել է, որ պետական ​​աջակցությունը վարկերի տեսքով այդպիսի ընկերությունները կծանրաբեռնի պարտքերով, որոնք էլ ավելի կբարդացնեն ելքը ճգնաժամից: «Քանի որ ընկերությունների անվճարունակության ավելի լուրջ խնդիր է առաջանում, կառավարության աջակցությունը պետք է ավելի շատ բաժնետոմսերում ներդրման նման լինի, այլ ոչ թե՝ պարտքերի ավելացման։ Հակառակ դեպքում մենք մեծ թվով ընկերություններ կունենանք, որոնք ճգնաժամից դուրս կգան հսկայական պարտքային պարտավորություններով»,- ասել է Գոպինատը: 

Գոպինատը նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը «ծայրաստիճան անհավասար եւ ծայրաստիճան անորոշ» կլինի՝ երկրներին կոչ անելով շարունակել ագրեսիվ հարկաբյուջետային եւ դրամական խթանման միջոցներ  ձեռնարկել՝ իրենց տնտեսություններին աջակցելու համար: