Երեւանում  հուլիսի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 22։40-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պ-ն է։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արսեն Պ-ն դանակահարվել է հիվանդանոց բերվելուց մոտ 20 րոպե առաջ՝ իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաեւ Շենգավիթի դատախազ Գեւորգ Գեւորգյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահատելու, կատարողին կամ կատարողներին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։