Փորձագետները նախազգուշացնում են, որ «պատվաստանյութերի ազգայնականությունը» Covid-19-ի դեմ դեղամիջոցի որոնումը վերածում է սպառազինությունների մրցավազքի, որը, ի վերջո, վնաս կհասցնի տնտեսությանը եւ հանրային առողջությանը, հայտնում է CNBC-ն:

Eurasia Group-ի վերլուծաբանները ենթադրում են, որ պատվաստանյութի հետ կապված լարվածությունը կուժեղանա ամռանը՝ կանխատեսելով դրա հասանելիության համար պայքար, որը կտեւի մինչեւ 2021 կամ 2022 թվականները:

«Երկրները՝ հարուստ եւ աղքատ, կմասնակցեն գնումների ակտիվ ջանքերին՝ քաղաքական, տնտեսական եւ հանրային առողջության համար զգալի հետեւանքներով»,- ասվում է զեկույցում: «Առկա միջազգային ինստիտուտները եւ համաձայնագրերը կպայքարեն այս «պատվաստանյութերի ազգայնականությունը» նվազագույնի հասցնելու համար:

Հետազոտական խումբը պնդում է, որ որոշ կառավարություններ արդեն իսկ փորձում են հասանելիություն ստանալ լայնածավալ ներդրումների միջոցով:

«ԱՄՆ-ում Կենսաբժշկության ոլորտում հեռանկարային հետազոտությունների վարչությունը (BARDA) բաշխում է իր ներդրումները պատվաստանյութերի մի շարք հավակնորդների միջեւ՝ ձգտելով նվազեցնել ֆինանսական ռիսկերը դեղագործական ընկերությունների համար եւ ապահովել առաջնային հասանելիություն հաջողված պատվաստանյութերին»,- նշում են հեղինակները:

BARDA-ն ֆինանսական հետաքրքրություններ ունի Moderna-ի թեկնածու-պատվաստանյութի հանդեպ եւ ներդրումներ է կատարել ֆրանսիական Sanofi-ի եւ բրիտանական GlaxoSmithKline-ի կողմից իրականացվող վաղ հետազոտություններում։

Մայիսին ԱՄՆ-ը նաեւ 1 միլիարդ դոլար է ներդրել AstraZeneca-ի պոտենցիալ պատվաստանյութի համար, որը մշակում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Բրիտանա-շվեդական դեղագործական հսկան մտադիր է 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել, որպեսզի մինչեւ հոկտեմբեր 400 միլիոն չափաբաժին մատակարարի ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային:

AstraZeneca պատվաստանյութը նույնպես ստացել է բազմամիլիոն դոլար ներդրումներ ԱՄՆ կառավարությունից եւ 843 միլիոն դոլար ԵՄ որոշ երկրներից` պատվաստանյութի հասանելիությունն ապահովելու համար, եթե այն արդյունավետ լինի:

Մինչդեռ Կանադայի կառավարությանն առընթեր ազգային հետազոտական խորհուրդը համաձայնագիր է կնքել չինական CanSino Biologics-ի հետ` այս ամռանը Կանադայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, ինչը, վերլուծաբանների կարծիքով, Կանադային «ներքին հասանելիություն» կտա:

Օքսֆորդի համալսարանի գլոբալիզացիայի եւ զարգացման պրոֆեսոր եւ Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Յան Գոլդինը նույնպես նախազգուշացրել է, որ հետեւանքներ կլինեն, եթե երկրները փորձեն պատվաստանյութի տարածումը դարձնել ազգային ձեռնարկություն:

Shore Capital-ի բնական գիտություններում հետազոտությունների բաժնի ղեկավար Թարա Ռավենդրանը ասել է, որ որոշ հետազոտողներ, ինչպիսիք են BioNTech-ը եւ Moderna-ն, մշակում են mՌՆԹ պատվաստման տեխնոլոգիա, որը թույլ կտա հեշտությամբ ընդլայնել արտադրությունը:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ դա կարող է բավարար չլինել վաղ հասանելիության որոշ ծրագրերի փոխհատուցման համար:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ներկայումս փորձարկվում է Covid-19- ի դեմ առնվազն 160 հավանական պատվաստանյութ: