Ինձ մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ, թե ո՞ւր է էնտեղ մշակութային արժեք, այնտեղ սարայներ են։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ֆիրդուսի թաղամասի հետնամասում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը։

«Ես այդ արտահայտությունն առաջին անգամ լսել եմ Հյուսիսային պողոտայի տները քանդելու ժամանակ, երբ սկսեցին հանրային գերակա շահը շահարկել։ Ասենք, ինչի՞ հետ են համեմատում Երեւանի ասենք  տարվա պատմություն ունեցող շինությունները, որ համարում են դրանք սարայներ։ Եթե նոր դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո, սրանք սարայներ են, որովհետեւ այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ բռնակներ։ Բայց սա մեր պատմության մի մասն է, մենք չենք կարող թույլ տալ, որ Երեւանը դառնա քառակուսի, ստանդարտ այնպիսի քաղաք, որը ոչ մի բանով չի տարբերվում որեւ եվրոպական քաղաքից։

Հիմա մենք թույլ ենք տալու, որ նորից խախտվեն մեր քաղաքացիների իրավունքները, ոչնչացվեն պատմամշակութային արժեքները, հետո նոր մտածենք, թե ինչ անե՞նք»,-ասաց նա։

Նինա Կարապետյանցը հավելեց, որ ինքը իրավապահ մարմինների հետ հույսեր չի կապում, միակ ելքը ճնշումը մեծացնելն է, որի արդյունքում հնարավոր կլինի կասեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը, «որպեսզի թույլ չտանք մեր քաղաքը քանդուքարափ անել»։