Ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային շուկայում գնային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աթենք» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Ստեփան Չորոխյանը:

Նա նշեց, որ ընկերությունը ձգտում է առավելագույնս վերահսկել գնաճը:

«Մենք լավ գնորդներ ենք եւ ձգտում ենք որակյալ միս գնել լավ գնով: Ավելին, կան ապրանքներ, որոնց գները նույնիսկ իջել են, սակայն կա նաեւ ապրանք, որի գինը թանկացել է»,-ասաց Չորոխյանը՝ հավելելով, որ մսամթերքի շուկայում լուրջ գնային փոփոխություններ չեն նկատվում:

Նա դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որ տեսակի մսամթերքի գինն է աճել:

Չորոխյանը պարզաբանեց, թե որն է եղել հավի մսի պահանջարկի աճը: Նրա խոսքով՝ խոզի եւ տավարի միսն ավանդաբար թանկ է, եւ քաղաքացիներին ձեռնտու է գնել այն, ինչը էժան է:

Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ շուկայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Այսպես, նրա խոսքով, եթե կորոնավիրուսի սկզբում ՀՀ քաղաքացիները խանութից գնում էին ամեն ինչ, պաշար հավաքում, ապա հիմա աժիոտաժը նվազել է:

Ընդ որում, նա նկատեց, որ այդ բումից հետո լռության շրջան սկսվեց, քանի որ քաղաքացիներն այնքան շատ մթերք էին գնել, որ հավելյալ գնումների անհրաժեշտությունը վերացել էր:       

«Երկարաժամկետ հեռանկարում կայուն առաջ ենք գնում: Դեռ դեֆիցիտի խնդիրներ են նկատվում: Մենք բավարար արտադրական ռեսուրսներ եւ հնարավորություններ ունենք շուկայի պահանջներն ապահովելու համար: Իրավիճակը կայունանում է, եւ մարդիկ շարունակում են գնումներ կատարել»,-ասաց Չորոխյանը: 

Հարցին, թե արդյոք կորոնավիրուսը հարված է հասցրել բիզնեսին՝ հատկապես սրճարաններին եւ ռեստորաններին  մսամթերքի մատակարարումների մասով, «Աթենք»-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ մասով մատակարարումները կրճատվել են, քանի որ օբյեկտների ու հաստատությունների համար եւս ծանր ժամանակներ են:

«Խոսքը հատկապես տոնական սրահների մասին է, որտեղ հիմնականում հարսանիքներ են անցկացվում: Նրանք հիմնականում պատվիրում էին բաստուրմա եւ սուջուխ, որոնք մարդիկ ամեն օր չեն գնում: Եվ որոշ առումով, այո, պահանջարկը կրճատվել է»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ իրավիճակն այդքան էլ խիստ չի ազդել բիզնեսի վրա:

Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, տավարի մսի արտադրության ծավալը կրճատվել է 5,1%-ով:

Նույն վիճակն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում: Հունվար-մայիս ամիսներին խոզի մսի արտադրությունը կրճատվել է 4,8%, ոչխարի մսի արտադրությունը՝ 4,7%-ով: Փոխարենը թռչնաբուծությունն աճել է 11,5%-ով: