Մրգերի գներն էապես աճել են վատ բերքի պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում գործում է շուկայի դասական օրենք՝ պահանջարկ, առաջարկ եւ սպառում:

«Այս տարի փոշոտման շրջանում անձրեւներ սկսվեցին, եւ ոչ բավարար փոշոտման պատճառով մթերքը քչացել է: Սակայն բանջարեղենի դեպքում իրավիճակը փոքր-ինչ լավ է՝ ինչպես եղել է անցած տարի, կլինի նաեւ այս տարի: Այս տարի , օրինակ, Հայաստանում կարտոֆիլի լավ ցուցանիշներ ունենք: Դա կապված է նրա հետ, որ շատ արտագնա աշխատողներ մնացել են Հայաստանում, հատկապես ՝ Գեղարքունիքի ր Շիրակի մարզերում: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել կարտոֆիլ ցանել: Իսկ Ռուսաստանում կարտոֆիլի տարածքները, հակառակը, կրճատվել են: Նման միտում է նաեւ Իրանում ու Վրաստանում: Կարտոֆիլի գները բավական ընդունելի են»,-հայտնեց Բերբերյանը:

Հարցին, թե կոնկրետ որ մրգերն են հանրապետությունում թանկացել, ՀԿ նախագահը պարզապանեց, որ խոսքը ծիրանի եւ դեղձի մասին է:

«Խաղողը միջին վիճակում է, եթե ոչ միջինից ցածր: Այսինքն, կառավարությունը ոչինչ չի արել՝  իրավիճակը շտկելու եւ ֆերմերներին աջակցելու համար»,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք ֆերմերները վերջին շրջանում որեւէ իրական աջակցություն են ստացել իշխանություններից, Բերբերյանը դրական պատասխանեց: Նրա խոսքով՝ կառավարությունը վարկեր է տրամադրել ֆերմերներին, եւ բանկերի մոտ սարսափելի հերթեր են առաջացել:

«Իհարկե, ոչ բոլորն են դրանք ստացել: Դա անհեթեթություն է,քանի որ կառավարությունը կրկին սկսել է ֆերմերների անվան տակ ֆինանսավորել եւ աջակցել բանկերին, որոնք թալանել են, թալանում են եւ կթալանեն գյուղատնտեսությունը»,-հավելեց Բերբերյանը: