Բեռլինում հարձակում է տեղի ունեցել Սիրիայից մի հայի՝ Բունդեսթագի աշխատակից Գեւորգ Ալմասյանի վրա: Journalisten Watch-ը հայտնում է, որ հուլիսի 6-ին երկու իսլամիստներ դանակով հարձակվել են նրա վրա:

«Երկու իսլամիստներ փողոցում դանակով հարվածել են Ալմասյանին՝ փորձելով սպանել նրան: Ալմասյանին հաջողվել է փախչել: Նա մոտ 10 րոպե վազել է Բեռլինի փողոցով եւ օգնություն կանչել, բայց ոչ ոք չի արձագանքել»,- նշվում է հոդվածում։

Գեւորգ Ալմասյանը հայ քրիստոնյա է, ով ապաստան է ստացել Գերմանիայում։ 2018 թվականից նա Բունդեսթագում պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերի օգնական է աշխատում: Ալմասյանը մահվան սպառնալիքներ է ստանում 2019 թվականից, երբ նրա դեմ արշավ սկսեցին T-Online-ի գլխավոր խմբագիր Լարս Վիենանդը եւ սիրիացի ակտիվիստ-իսլամիստ Նահլա Օսմանը:

Ուրբաթ օրը Twitter-ի իր էջում Ալմասյանը գրել է, որ իրեն ասել են, թե գերմանացի լրագրողները, ովքեր իր դեմ արշավ են սկսել ԶԼՄ-ներում 2019-ի փետրվարին եւ իր կյանքը վտանգի են ենթարկում՝ իր դեմ տրամադրելով արմատական իսլամիստներին, այժմ պատրաստում են նոր հոդված՝ իր վրա հարձակումը հերքելու համար։

Նա նաեւ ասել է, որ ջնջել է իր վրա հարձակվողի լուսանկարը, քանի որ գործը հետաքննում են իրավապահները: