Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները քիչ հավանական են համարում, որ աշխարհի երկրները կարող են արմատախիլ անել կորոնավիրուսը, հայտնում է CNBC-ը:

ԱՀԿ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նշել է, որ թեեւ որոշ երկրներ եւ կղզի-պետություններ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը, «միշտ էլ կա ռիսկ», որ հիվանդությունը կարող է արագ տարածվել, երբ այլ երկրներից ներմուծվում է:

«Մեր ներկա իրավիճակում շատ քիչ հավանական է, որ կարողանանք ոչնչացնել կամ արմատախիլ անել այս վիրուսը»,- ասել է Ռայանը: «Մենք տեսանք երկրներ, որոնց հաջողվել է դրսից վիրուսի վերաներմուծման զրոյական կամ գրեթե զրոյական մակարդակի հասնել, բայց ռիսկ միշտ էլ կա»:

ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ համավարակը շարունակում է արագանալ եւ չի վերահսկվում աշխարհի շատ երկրներում: «Դա շատ նման է անտառային հրդեհի»,- ասել է Ռայանը: «Փոքր հրդեհը դժվար է տեսնել, բայց այն հեշտ է մարել: Մեծ կրակը հեշտ է տեսնել, բայց շատ դժվար է մարել»:

Կորոնավիրուսի դեպքերի «փոքր հրդեհները» վերացնելու համար իշխանությունները պետք է ունենան վերահսկողության համապատասխան մեթոդներ, ներառյալ շփման հետքերը, հայտնի դրական դեպքերի կապերի մեկուսացումը, եւ ագրեսիվ թեսթավորումներ անցկացնեն, որպեսզի կանխեն փոքր օջախների վերածվելը չվերահսկվող բռնկումների:

«Երկրները կարող են եւ պետք է ի վիճակի լինեն այդ միջոցներով զսպել հիվանդությունը: Մենք բոլորս չենք ցանկանում թույլ տալ, որ երկրները կրկին ամբողջական մեկուսացման մեջ հայտնվեն»,- ասել է Ռայանը: